ԲՀԿ-ից ոչ ոք մինչ օրս չի հայտարարել, որ 2013 թ-ի նախագահական ընտրություններում չի պաշտպանելու Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Այս մասին, այսօր՝  մարտի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Լրագրողների հարցին, թե ՕԵԿ-ի համագումարում Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ ՕԵԿ-ը վստահելի եւ բարոյական գործընկեր է քաղաքական դաշտում, ո՞ւմ էր ուղղված, Շարմազանովը պատասխանեց, որ դա ուղղված էր բոլոր նրանց, ում համար վստահությունը քաղաքական կատեգորիա չէ:

«Չի կարելի այսօր «այո» ասել, իսկ վաղը` ոչ, այսօր սատարել, վաղը` ոչ,  այսօր ասել ամեն ինչ լավ է, վաղը` վատ: Այսօր ասել մենք պատրաստ ենք բարեփոխումների, վաղը` ոչ, կամ այսօր ասել երկինքը կապույտ է, իսկ վաղը` կարմիր»,- պատասխանեց Էդուարդ Շարմազանովը:

Նա միաժամանակ նկատեց, թե  չի կարծում, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունն ուղղված է կոալիցիոն գործընկերներին, այլ նրանց ում համար կայունությունը քաղաքական կատեգորիա է, քանի որ շատ կարեւոր է, երբ քո գործընկերները եւ քաղաքական դաշտի խաղացողները հստակ են: