Այսօր` մարտի 22-ին, առաջիկա խորհրդարանական ընտրություններին թեկնածուների առաջադրման վերջին օրը, իշխող կոալիցիայի մաս կազմող «Օրինաց երկիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել իր համամասնական ցուցակը: Համամասնական ցուցակը ԿԸՀ ներկայացրել կուսակցության ներկայացուցիչ Գուրգեն Սարգսյանը, նշելով, որ ցուցակում ընդգրկված է 178 անուն:
Համամասնական ընտրացուցակը գլխավորում է ՕԵԿ առաջնորդ, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, այնուհետեւ գալիս են ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանը եւ գյուղնախարար Սերգո Կարապետյանը:
ՕԵԿ-ի նախընտրական կարգախոսը հետեւյալն է. «Հավատանք, որ կառուցենք օրինաց երկիր»:
Մեծամասնական ընտրակարգով ՕԵԿ-ը թեկնածուներ է առաջադրել 9 ընտրատարածքներում: Նրանք են. Էդուարդ Մադաթյանը, Կարեն Բոթոյանը, Արմեն Հարությունյանը, Հունան Պետրոսյանը, Ալբերտ Այվազյանը, Արթուր Միսակյանը, Դեյզի Հովհաննիսյանը, Վահե Վարդապետյանը եւ Հայկ Հովհաննիսյանը:
Ներկա խորհրդարանում ՕԵԿ-ն ունի 8 պատգամավոր: 2007-ի խորհրդարանական ընտրություններում ՕԵԿ-ն ստացել էր 6,8 տոկոս ձայն: Մեծամասնական ընտրակարգով ՕԵԿ-ի ոչ մի թեկնածու պատգամավոր չի դարձել: Ներկայումս ՕԵԿ-ն ունի 3 նախարարական պորտֆել:




























