Հոլանդիայի կաթոլիկ հոգեբուժական կենտրոններում նախորդ դարի կեսերին նույնասեռականությունը  «բուժում էին» ամորձատման ճանապարհով: Ամլացումը որպես պատիժ էր նշանակվում նաեւ հոգեւոր ոլորտում խախտում կատարելու համար: 

1950-ականներին ամլացման ենթարկվածներից մեկը դարձել էր նաեւ հոգեւորականների բռնության զոհերից մեկը, որը ապացուցվում է իրավաբանական եւ բժշկական փաստաթղթերով, փաստաբանների նամակներով եւ անձնական նամակագրությամբ, ինչպես նաեւ վկաների ցուցմունքներով, հայտնում է Հոլանդիայում հրատարակվող ռուսերեն «Rus» ամսագիրը:

Գործերով զբաղվել է «Դիթմանի հանձնաժողովը», որն ստեղծվել էր  2010 թվականին հոլանդական կառավարության կողմից Հոլանդիայում Կաթոլիկ եկեղեցու հոգեւորականների կողմից անչափահասների նկատմամբ սեռական հանցագործությունները հետաքննելու նպատակով:

Այնուամենայնիվ,  կրթության նախկին նախարար Վիմ Դիթմանի գլխավորած հանձնաժողովը եզրափակիչ զեկույցում չի հիշատակել ենթադրվող ամորձատումների մասին: Հանձնաժողովի աղբյուրները բացատրել են, որ փաստաթուղթը ոչ մի հիշատակում չի ներառում այդ մասին, քանի որ «հետքերը բավականին սահմանափակ են խոր հետաքննություն անցկացնելու համար»:

Ըստ հանձնաժողովի ենթադրությունների` 1945 թվականից 10. 000-ից մինչեւ 20. 000 անչափահասներ դարձել են հոլանդական կաթոլիկ հոգեւորականության սեռական հանցագործության զոհերը: Այդ փորձը լայնորեն հայտնի է եղել երկրի բարձրագույն հոգեւոր շրջաններում, որոնք խիստ մտահոգված են եղել նրանով, թե ինչպես խուսափել աղմուկից: 

Այս տարվա փետրվարի 15-ին կառավարությունը նոր հետաքննություն է սկսել երկրում կաթոլիկ եկեղեցու նկատմամբ: Այդ հետաքննությունն ուշադրությունը կենտրոնացվում է երեխաների եւ կանանց վրա, որոնք ենթադրաբար դարձել են նման տեսակի հանցագործության զոհեր: