Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցությունն, այսօր` մարտի 22-ին, Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել համամասնական կարգով պատգամավորների թեկնածուների ցուցակը: Այն ԿԸՀ է ներկայացրել ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Գրիգորյանը:
Կուսակցության համամասնական ցուցակում 253 անուն է նշվում, առաջին տասնյակն ունի հետեւյալ տեսքը` Սերժ Սարգսյան (Հայաստանի նախագահ, ՀՀԿ առաջնորդ), Հովիկ Աբրահամյան (ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար), Տիգրան Սարգսյան (Հայաստանի վարչապետ), Տարոն Մարգարյան (Երեւանի քաղաքապետ), Սամվել Նիկոյան (խորհրդարանի խոսնակ), Հրանուշ Հակոբյան, Գալուստ Սահակյան, Ռազմիկ Զոհրաբյան, Գագիկ Մինասյան, Գագիկ Բեգլարյան:
ՀՀԿ-ն նաեւ թեկնածուներ է առաջադրել 33 մեծամասնական ընտրատարածքներում: Թեկնածուների թվում են հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը, Մանվել Բադեյանը, Արտակ Սարգսյանը եւ Գարեգին Նուշիկյանը, Ռուբեն Հայրապետյանը:
Կուսակցությունը ընտրություններին մասնակցում է նոր կարգախոսով` «Հավատանք, որ փոխենք»:
ՀՀԿ-ն աջ պահպանողական թեւի կուսակցություն է, որը հիմնադրվել է 1990 թվականին, իսկ գրանցվել` 1991 թվականին: Նրա հիմնադիր եւ առաջին առաջնորդն է եղել խորհրդային շրջանում քաղբանտարկյալ, ԱՄԿ անդամ Աշոտ Նավասարդյանը: Նրա մահվանից հետո` 1997 թվականին կուսակցությունը գլխավորել է Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանը, ով սպանվել է 1999 թվականին խորհրդարանում ահաբեկչության ժամանակ: Նրան փոխարինել է Հայաստանի հաջորդ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: 2007 թվականին նրա մահից հետո կուսակցությունը գլխավորում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
2003 թվականից ՀՀԿ-ն համարվում է իշխող կոալիցիայի անդամ` «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների հետ միասին: Ներկայումս ՀՀԿ-ն խորհրդարանում ներկայացված է ամենից մեծ` 63 պատգամավորներից բաղկացած խմբակցությամբ: Հայկական խորհրդարանում ընդամենը 131 պատգամավոր կա: Կուսակցությանն է պատկանում նաեւ խորհրդարանի խոսնակի պաշտոնը եւ նախարարական պորտֆելների մեծ մասը:
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 6-ին:




























