ՀԱԿ ընտրացուցակը գլխավորում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ ընդգրկված են բոլոր այն մարդիկ, ովքեր վերջին 4 տարում ակտիվ գործունեություն են ծավալել, ծավալում ու ծավալելու մեր երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համար: Այդ մասին ԿԸՀ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԸՀ-ում ՀԱԿ լիազոր ներկայացուցիչ Մանուշակ Պետրոսյանը:

Նա նշեց, որ 120 հոգանոց ընտրացուցակի վերջին համարը ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանն է: «Դա փաստում է, որ մենք գնում ենք դեպի հաղթանակ եւ բոլորովին կարեւոր չէ, թե իր պես հայտնի քաղաքական գործիչը որ տեղն է զբաղեցնում»,-ընդգծեց նա:

ՀԱԿ ներկայացուցիչը նշեց, որ ընտրությունները դիտում են որպես քաղաքական պայքարի մեկ փուլ: «Մեր պատմության ընթացքում առաջին անգամ հասարակությունը սկսեց ընկալել եւ մասնակցել երկարաժամկետ քաղաքական պայքարի»,- նշեց ՀԱԿ ներկայացուցիչը` հավելելով, որ ժողովուրդը պետք է հավատա ոչ թե պոպուլիստական հայտարարություններ անողներին, այլ այն ուժերին, որոնք լուրջ խնդիր են դրել իրենց առջեւ:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի