Մարտի 22-ին, ժամը 18:00-ին, Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է 2012-ի մայիսի 6-ին ԱԺ-ի ընտրություններին մասնակցելու համար քաղաքական կուսակցությունների եւ դաշինքների` փաստաթղթերի ընդունման գործընթացը:
Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը ԿԸՀ-ից, ժամկետի ավարտի պահին իրենց փաստաթղթերը ներկայացրել են 8 քաղաքական կուսակցություն եւ մեկ դաշինք: Հերթական խորհրդարանական ընտրություններին ցանկանում են մասնակցել նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանի հանրապետական կուսակցությունը, Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան», Արթուր Բաղդասարյանի «Օրինաց երկիր» կուսակցությունը, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը` Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ, Ռաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած «Ժառանգություն» կուսակցությունը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը եւ «Միավորված հայեր» կուսակցությունը:
Այդ ինը քաղաքական ուժերը, ԿԸՀ-ի գրանցման գործընթացը հաջողությամբ ավարտելուց հետո, կպայքարեն ԱԺ 90 մանդատների համար: Խորհրդարան անցնելու համար նրանք պետք է հաղթահարեն 5 տոկոսանոց շեմը, իսկ դաշինքները` 7 տոկոսանոց շեմը:
Եւս 41 պատգամավոր ընտրվելու է մեծամասնական համակարգով: Մեծամասնական 13 ընտրատարածքներ են ձեւավորվել Երեւանում, եւ 28-ը` շրջաններում: Մարզային ընտրական հանձնաժողովները մարտի 22-ին ժամը 18:00-ին եւս ավարտել են մեծամասնական համակարգով փաստաթղթերի ընդունումը:
Ապրիլի 1-ից տեղի կունենա կուսակցությունների ու դաշինքների գրանցումը: Մինչեւ ապրիլի 6-ը կուսակցությունները եւ մեծամասնական ցուցակներով առաջադրվող թեկնածուները պետք է ներկայացնեն հայտարարագիր: Ապրիլի 8-ից մինչեւ մայիսի 4-ը տեղի կունենա քարոզարշավը: Մայիսի 5-ն կհայտարարվեն ընտրողների վերջնական ցուցակները:
Նշենք, որ քարոզարշավը կավարտվի մայիսի 5-ին, հենց այդ օրն էլ հայտարարվում է «լռության օր»: Ընտրությունները տեղի կունենան մայիսի 6-ին երեւանյան ժամանակով ժամը 08:00-ից մինչեւ 20:00-ն:




























