Հայաստանի հանրապետական կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների գնում է կրկին իր դիրքերը պահպանելու նպատակով: Այս մասին այսօր` մարտի 22-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Գրիգորյանը: Նա ԿԸՀ է ներկայացրել իրենց համամասնական ցուցակը, որում ընդգրկված է 253 անուն:

Հարցին, թե եղե՞լ են արդյոք փոփոխություններ ՀՀԿ ընտրացուցակի մեջ, նա պատասխանեց, որ կհրապարակվի ցուցակը եւ բոլորը հնարավորություն կունենան ծանոթանալ հնարավոր փոփոխություններին:

Ա. Գրիգորյանը դժվարացավ ասել, թե ով է ցուցակի վերջին 253-րդ հորիզոնականում, պատճառաբանելով, թե հնարավոր չէ 253 մարդու անուն հիշել:

Նրա խոսքով, ՀՀԿ-ն ընտրարշավից առաջ լավ տրամադրություն ունի եւ ընտրությունների է գնում հաղթողի հոգեբանությամբ: «Բնականաբար գնում ենք ընտրությունների հաղթելու»,-ընդգծեց ՀՀԿ անդամը: