Ռուսաստանը երեկ նախազգուշացրել է Ադրբեջանին, Ուզբեկստանին եւ Տաջիկստանին, որ կարող է արգելել չրերի ներմուծում այդ երկրներից: «Չենք ցանկանում ներմուծել ամեն մի տեսակի զիբիլ», -«Երեկոյան Մոսկվա» հեռուստաալիքով հայտարարել է Ռուսաստանի գյուղմթերքների վերահսկողության տեսչության մամուլի խոսնակ Ալեքսեյ Ալեքսեյենկոն: 

Նրա խոսքով` այդ երկրներից ներկրվող չրերում կարող են առկա լինել սնկային եւ այլ բնույթի պարազիտներ: Ա. Ալեքսեյենկոն զգուշացրել է, որ եթե այս նախազգուշացմանը լուրջ չվերաբերեն, ապա լիովին արգելք կդրվի: Նա հիշեցրել է, որ Թուրքիայի նախազգուշացնելուց հետո այդ երկրում մի շարք քայլեր են իրականացրել որակի ստուգման ուղղությամբ:

Հարկ է նշել, որ ադրբեջանական մամուլը բավական հիվանդագին է արձագանքել ռուս պաշտոնյայի հայտարարություններին: Vesti.az-ը նույնիսկ գրել է, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ առեւտրային պատերազմ է հասունանում, եւ որ Ռուսաստանը ցանկանում է այդ ձեւով քաղաքական ճնշումներ բանեցնել Բաքվի վրա Ղարաբաղի հարցում: