Քենիայի ԱԳՆ ղեկավար Մոզես Վետանգուլան փակված է մնացել Մալիի հյուրանոցներից մեկում` Բամակո քաղաքում:

Ինչպես հաղորդում է «Ռոսբալթ»-ը պետական հեղաշրջման նախօրեին Բամակոյում տեղի էր ունենում Աֆրիկյան միության գագաթաժողովը, եւ Քենիայի պատվիրակությունը չի հասցրել թողնել Մալիի տարածքը դրա ավարտից հետո: Ավելի ուշ Քենիայի կառավարությունը հաստատել է, որ նախարարը եւ մի շարք պաշտոնյաներ, ովքեր ուղեկցել են նրան, գտնվում են Բամակոյում:

Քենիայի կառավարության դիմումի մեջ ընդգծվում է, որ ԱԳՆ ղեկավարին ոչինչ չի սպառնում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ Մալիում զինծառայողների ապստամբությունը բռնկվել էր մարտի 21-ին`երկրի անվտանգության եւ քաղաքացիական պաշտպանության նախարար Սադիո Գասամի ելույթից հետո:

Զինվորները դժգոհ են զինամթերքի եւ մթերքի անբավարարության իրենց բողոքների նկատմամբ կառավարության անուշադրությունից: Զինվորականների զայրույթն է հարուցում նաեւ ապստամբ տուարեգների հետ հաշվեհարդար տեսնելու իշխանությունների անկարողությունը: Սակայն ապստամբության մասնակիցները մտադիր չեն տապալել ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախարարներին:

Այն բանից հետո, երբ լրատվամիջոցներում հաղորդագրություններ էին հայտնվել այն մասին, որ երկրում պետական հեղաշրջում է տեղի ունենում, նախագահ Ամադու Թումանի Թուրեն իր Twitter-ի միկրոբլոգում գրել էր. «Մալիում տեղի ունեցողը պետական հեղաշրջում չէ: Դա պարզապես ապստամբություն է»:

Մարտի 20-ին «Անսար ադ Դին» իսլամական թեւի քոչվոր տուարեգների ապստամբ մի խմբավորում հայտարարել էր Մալիի հյուսիսարեւելյան շրջանների նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին: Տուարեգները հաստատել են, որ նրանց հաջողվել է գրավել մի շարք բնակավայրեր: «Անսար ադ Դինի» նպատակներից մեկը Մալիի տարածքում շարիաթի հաստատումն է: