Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր` մարտի 22-ին, ընդունել է Հայաստանում Եթովպիայի նորանշանակ դեսպան Կասահուն Դենդեր Մելիսին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանի եւ Եթովպիայի ժողովուրդներին միավորում են պատմական, մշակութային կապեր, կրոնական ընդհանրություններ, որոնք լավ հիմք են հանդիսանում երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Հայաստանի արտգործնախարարը հաջողություններ մաղթեց դեսպանին իր առաքելության մեջ՝ հույս հայտնելով, որ իր գործունեությամբ նա նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցության զարգացմանը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար՝ ընդգծելով, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ փոխգործակցության ձեւավորմամբ եւ զարգացմամբ, եւ վստահեցրել, որ կանի առավելագույնը երկկողմ գործընկերության խթանման համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները, իրավա-պայմանագրային դաշտի ձեւավորումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը, տնտեսական փոխգործակցության եւ մշակութային կապերի ակտիվացումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող զարգացումների, Հարավային Կովկասում ընթացող գործընթացների շուրջ: