Հունաստանի տնտեսական եւ սոցիալական խորհրդի պատվիրակության անդամներն, այսօր` մարտի 22-ին, Հայաստանի հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի եւ Հայաստանում Հունաստանի դեսպանի ժամանակավոր հավատարմատար Վասիլիկի Դիկոպուլոյի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ դրել հավերժական կրակի մոտ, եղան Հայոց ցեղասպանության թանգարանում:
Հունաստանի Տնտեսական եւ սոցիալական խորհրդի նախագահ Քրիստոս Պոլիզողոպուլոսը, տպավորված թանգարանի շրջայցից, երկար գրառումներ է կատարել թանգարանի հուշամատյանում:
Ավել ուշ, զրուցելով լրագրողների հետ, նա ասել է, որ դժվար է զգացումներ արտահայտել՝ տեսնելով այդ փաստաթղթերն ու դաժան իրականությունը: Նա հորդորեց լավատես լինել, հաղթահարել բոլոր դժվարությունները եւ պայքարել, որպեսզի չկրկնվեն այդպիսի բարբարոսություններ մարդկության դեմ: «Հայերն ու հույները միասին շատ անգամ են հանդիպել պատմական դաժան դեպքերի, ունեցել ընդհանուր թշնամիներ, ուստի մենք ունենք նույն ճակատագիրը»,-ասել է նա:
Նրա խոսքով, երկու ազգերը պետք է սատարեն միմյանց, որպեսզի ողջ մարդկությունն ընդունի իրենց արդար պահանջը: «Խոնարհվում եմ հայ ժողովրդի ուժի, կամքի առջեւ: Ողջ աշխարհի հայերը միասին պայքարեցին, որ նորից Հայաստանը վերականգնվի եւ ապացուցի իր դերակատարումը մարդկության առաջխաղացման հարցում»,-ասել է նա:
Նշենք, որ ՀՀ հանրային խորհրդի հրավերով երկօրյա այցով Հայաստանում է գտնվում Հունաստանի տնտեսական եւ սոցիալական խորհրդի պատվիրակությունը: Այցի նպատակը ՀՀ հանրային խորհրդի եւ Հունաստանի տնտեսական եւ սոցիալական խորհրդի միջեւ համագործակցության երկկողմանի համաձայնագրի ստորագրումն է:



























