Դինքի ընտանիքի փաստաբանները զեկույց են ներկայացրել Ստամբուլի գլխավոր դատախազություն՝ պահանջելով ընդարձակել Հրանտ Դինքի սպանության գործով հետաքննության շրջանակը։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Դինքի փաստաբանների ներկայացված զեկույցում դատախազությանը 18 կետից բաղկացած պահանջ է ներկայացվել, որտեղ շեշտվել է Թուրքիայի վերահսկիչ խորհրդի կողմից Դինքի սպանության գործի հետաքննության մեջ  պետական պաշտոնյաների թերացումները եւ այդ պաշտոնյաների անպատիժ մնալը։

Նշենք, որ Թուրքիայի  վերահսկիչ խորհրդի կողմից Հրանտ Դինքի սպանության գործով պատրաստած 649 էջանոց զեկույցի «պետական գաղտնիք» կոչվող  6 էջանոց հատվածում ծանր մեղադրանքներ են ներկայացվում ոստիկանության եւ ժանդարմերիայի դեմ։

Նշվել է, որ Ստամբուլի ոստիկանության աշխատակիցները, Ստամբուլի ոստիկանության հետախուզության բաժնի աշխատակիցները չեն իրականացրել Տրապիզոնից եկած գրության պահանջները եւ կեղծ զեկույց են ներկայացրել։

Զեկույցում հայտնվում է, որ մի շարք ոստիկանների, զինվորականների եւ պաշտոնյաների դեմ հետաքննություն սկսելու բավարար ապացույցներ կան։