Հայաստանում 2009-2010թթ աշխատուժի պահանջարկը գրեթե եղել է նույնը, միակ տարբերությունը Երեւանում առկա շինարարների պահանջարկն էր, որը 2011թ եւ այս պահի դրությամբ գրեթե բացակայում է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Զբաղվածության պետական ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ` 2011թ. Երեւանում ամենամեծ պահանջարկը գրանցվել է մշակող արդյունաբերության ոլորտում, ըստ այդմ` տեխնոլոգների, բանվորների, այդ թվում` զոդողների, եռակցողների, փականակագործների, կարողների անհրաժեշտությունը մեծ էր:
Մյուսը առեւտրի եւ սպասարկման ոլորտն է, որտեղ առավել առաքիչների, խոհարարների, մատուցողների, հացթուխների, հրուշակագործների, վաճառողների կարիք կար: Իսկ տրանսպորտի եւ կապի ոլորտում անհրաժեշտ էին վարորդներ, ավտովերանորոգողներ, մեխանիկներ: Աշխատակիցների մեծ պահանջարկով աչքի է ընկել նաեւ հյուրանոցային եւ ռեստորանային սպասարկման ոլորտը:
Ինչ վերաբերում է բարձրակարգ մասնագետներին, ապա նրանց պահանջարկը մեծ էր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, մասնավորապես` ծրագրավորողներ, ցանցային մասնագետներ, web կայքերի դիզայներներ, օպերատորներ եւ այլն:
«Տարբեր ոլորտներում մշտապես առկա է եղել մենեջերների, ֆինանսիստ-հաշվապահների, տնտեսագետների, շուկայագետների, դասավանդողների, կադրային գործի մասնագետների պահանջարկ: Մեծ է եղել նաեւ հավաքարարների եւ պահակների պահանջարկը»,- հայտնեցին Զբաղվածության պետական ծառայությունից:
Մինչդեռ 2011թ մարզերում ամենապահանջարկված մասնագետները տարբեր նեղ որակավորումներով բժիշկներն էին, համայնքային ծառայողները, ուսուցիչները: Պահանջարկված էին նաեւ առեւտրի եւ սպասարկման (առաքիչներ, խոհարարներ, մատուցողներ, հացթուխներ, վաճառողներ), մշակող արդյունաբերության (տեխնոլոգներ, բանվորներ, որոնց թվում` կարողներ) հյուրանոցային եւ ռեստորանային սպասարկման, շինարարության ոլորտների մասնագետները:



























