Ֆրանսիակա Գվիանայի Կուրու տիեզերական կայանից մարտի 23-ին բաց է թողնվել եվրոպական տիեզերական ATV-3 ավտոմատ բեռնատար  «Էդորադո Ամալդի»  օդանավը  (Automated Transfer Vehicle): Այն ուղեւորվել է Միջազգային տիեզերական կայան (ՄՏԿ):

Կրող Ariane-5 հրթիռը ATV-3 օդանավի հետ բաց է թողնվել ժամը 08.34-ին:

Տիեզերական բեռնատարը կրող հրթիռից կառանձնանա ժամը 09.39-ին: Սպասվում է, որ ATV-3-ը ՄՏԿ կհասնի մարտի 29-ին, ժամը 02.51, հղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

ՌԴ-ում Եվրոպական տիեզերական գործակալության (ԵՏԳ) ներկայացուցչության ղեկավար Ռենե Պիշելը հիշեցրել է, որ եվրոպական բեռնատարի ուղարկումը սկզբնապես նախատեսված էր մարտի 9-ին, բայց հետաձգվել էր, քանի որ բեռը օդանավում սխալ կերպով էր բարձվել:

Բեռնատարի զանգվածը 20 տոննա է: Այն կայան է տեղափոխում ավելի շատ չոր բեռ, քան նախորդ երկու նավերը` 2,2 տոննա:

ATV-ն (Automated Transfer Vehicle)` տիեզերական ավտոմատ բեռնանավը, նախատեսված է Միջազգային տիեզերական կայան վառելիք, գիտական սարքավորումներ, մթերք, օդ եւ ջուր  հասցնելու համար: Բացի այդ,  ATV շարժիչների օգնությամբ իրականացվում է ՄՏԿ ուղեծրի ճշտում: Ինչպես սպասվում է, սարքը ՄՏԿ կհասցնի   6,59 տոննա բեռ` վառելիք, ջուր, թթվածին, մթերք եւ այլ բեռներ: Այն ուղեծրում կլինի ընդամենը 171 օր:

Հնարավոր է, ATV-3-ի բեռան ամենաարժեքավոր բաղադրիչը հեղուկը փոխակերպելու բլոկն է (FCPA)` մեզը խմելու ջրի փոխակերպելու կարեւորագույն համակարգը:

Տվյալ պահին կայանում ընդամենը մեկ  FCPA բլոկ կա: Դրա խափանման դեպքում տիեզերագնացները որոշ ժամանակ դեռ ապահովված կլինեն ջրով, բայց կայանը ողջ հզորությամբ օգտագործելն անհնար կդառնա:

«Էդորադո Ամալդին»  ՄՏԿ այցելող  բոլոր նավերից տարբերվում է ամենաշատ բեռնատարողությամբ: