1887թ. մարտի 23-ին Մադրիդում ծնվել է Խոսե Վիկտորիանո Գոնսալեսը, որը հետո պետք է դառնար գեղանկարիչ Խուան Գրիսը` կուբիզմի հիմնադիրներից մեկը:
Գրիսը գեղանկարչությամբ լրջորեն սկսել է զբաղվել 27 տարեկանից: Կուբիստ է դարձել Պիկասոյի ազդեցությամբ, որին էլ նվիրել է այդ ոճում արված իր առաջին նկարը` «Հարգանքի տուրք Պիկասոյին» (1914 թ.):
Google-ը նկարչի ծննդյան 125-ամյակի կապակցությամբ ինքնատիպ տարբերանշան է տեղադրել` որոնման համակարգի սովորական տեսքը ներկայանում է Խուան Գրիսի կուբիստական աշխատանքների տեսքով:
Գրիսը գեղանկարչության իր մոտեցումներն ուներ` կոմպոզիցիաների հարթ լուծումներ, պատկերների երկրաչափականություն, մոխրագույն եւ շագանակագույն երանգների գերակայություն: Իր նկարներում Խուան Գրիսն օգտագործել է նաեւ կոլաժներ, որոնցում կիրառել է պաստառներ, թուղթ եւ ապակի («Թեյի գավաթներ», 1914թ.):
1916թ.-ից Գրիսը սկսել է ստեղծել ճարտարապետական կոմպոզիցիաներ, որոնցում գերիշխող է բյուրեղյա եւ էլեգանտ ոճը: Գույնն ու ձեւը հետ են մղվել երկրորդ պլան: Այդ ժամանակաշրջանի խորհրդանշական աշխատանքներից է «Կիթառը եւ մրգամանը սեղանի վրա» (1918թ.):
20-ական թվականներից նկարիչն սկսել է զբաղվելՍերգեյ Դյագիլեւի բալետային ներկայացումների ձեւավորմամբ: Նա շարունակել է մշակել կուբիզմի տեսությունը: Թոքերի ծանր հիվանդությունը նկարչի վաղաժամ մահվան պատճառ է դարձել: Նա մահացել է 1927թ. մայիսի 11-ին:











