«Կոստա Կոնկորդիա» զբոսանավում աշխատող ջրասույզները եւս երկու դիակ են հայտնաբերել: Նախօրեին հաղորդվել էր, որ գտել են երեք զոհերի մարմիններ: Այդկերպ, ողբերգության զոհերի թիվն աճել է 30-ի, երկու մարդ անհետ կորած են:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Ֆրանկո Գաբրիելին, ով պատասխանատու է նավի վթարի հետեւանքները վերացնելու համար, գտնված մարմինները ջրի երես դուրս բերելու համար մի քանի օր կպահանջվի:
Զոհերի մնացորդները հայտնաբերվել էին նավի հիմնական մասի եւ ծովի հատակի միջեւ եղած ճեղքերում` զբոսանավի երրորդ տախտակամածի մակարդակի վրա, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Ինչպես հաղորդում են տեղացի պաշտոնյաները, երկար ժամանակ ջրում մնալուց հետո մարմինները գրեթե ամբողջապես քայքայվել են, այդ պատճառով դրանք հնարավոր է նույնականացնել միայն ԴՆԹ-ի անալիզից հետո: Անհետ կորած են համարվում ԱՄՆ-ի, Իտալիայի, Գերմանիայի եւ Հնդկաստանի քաղաքացիներ, հաղորդում է gazeta.ru-ն: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, «Կոստա Կոնկորդիան», որում շուրջ 4 հազար մարդ է եղել, վթարվել է 2012թ. հունվարի 14-ի գիշերը` իտալական Ջիլյո կղզու շրջակայքում:
Արտակարգ պատահարի փաստով հարուցվել է քրեական գործ: Նավապետ Ֆրանչեսկո Սկետինոն համարվում է ողբերգության գլխավոր մեղավորը:


























