Ադրբեջանում Գուբայի դեպքերի հետ կապված եւս երկու անձ է ձերբակալվել: Այդ մասին հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը` նշելով, որ օրերս ձերբակալվել են նաեւ Գուբայի քաղաքապետ Էլխան Ալիեւը եւ քաղաքապետարանի աշխատակից Դեսթեբայ Թառլանովը:
Ներկայումս հայտնի է, որ 10 անձ են ձերբակալվել` կապված Գուբայի իրադարձությունների հետ:
Նշենք, որ մարտի 14-ին ձերբակալվել էին «Խելայ» հեռուստաընկերության տնօրինության ներկայացուցիչները եւ մի քանի աշխատակիցներ, ինչպես նաեւ «Պոլիգոն» լրատվական գործակալության Գուբայի թղթակիցը:
Հիշեցնենք, որ մարտի 1-ին Ադրբեջանի հյուսիսային շրջաններից մեկում` Գուբայում աննախադեպ իրադարձություններ են տեղի ունեցել: Տեղի բնակչությունը Շրջանի գործադիր իշխանության ղեկավարի անզգույշ արտահայտությունների հետեւանքով ոտքի է կանգնել եւ պահանջել նրա հրաժարականը: Գուբա են մտցվել ոստիկանական ջոկատներ եւ ՆԳՆ ուժեր, որոնք արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարներին ցրելու համար: Բախումներ են տեղի ունեցել ներքին զորքերի աշխատակիցների եւ ցուցարարների միջեւ:




























