Մարտի 22-ին, ժամը 12.05-ին, ոստիկանության ծառայողները Երեւանի Օգանովի փողոցի թիվ 13 շենքի մոտից բերման են ենթարկել 29-ամյա մի տղամարդու, որը 2009թ. հունիսի 24-ից Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգքրի 139 հոդվածի (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Ոստիկանության լրատվական վարչությունից հայտնում են, թե նույն օրը, ժամը 09-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մասիս քաղաքից բերման են ենթարկել 25-ամյա Մուշեղ Մելքոնյանին, որը ս/թ մարտի 9-ից ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները ժամը 11.55-ին Երեւան քաղաքի Իսահակյան փողոցի սրճարաններից մեկից բերման են ենթարկել 50-ամյա մի տղամարդու, որը 2011թ. դեկտեմբերի 29-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու մեղադրանքով:
Իսկ ժամը 11.00-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Աշտարակ քաղաքի շուկայի տարածքից բերման է ենթարկվել Արտաշավան գյուղի բնակիչ, 39-ամյա Գուրգեն Մ.-ն, որը 2011 թ. դեկտեմբերի 6-ից ՌԴ Նիժնի Նովգորոդի շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:

























