Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Չինաստանի «Հայեր-Բաս» ավտոգործարանի փոխնախագահ Խուան Շու Պինի եւ նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին`քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարությանը` Հայաստանին նվիրաբերված 249 քաղաքային ավտոբուսների համար, որոնց մի մասն արդեն վաղը դուրս կգան երթուղիներ:

«Հուսով եմ, որ Ձեր ընկերության արտադրության ավտոբուսները երկար կծառայեն մեր քաղաքին, եւ երեւանցիներն էլ սիրով կօգտվեն դրանցից: Մայրաքաղաքի տրանսպորտի ոլորտի զարգացման նոր հայեցակարգով եւս նախատեսել ենք, որ ուղեւորափոխադրում իրականացնող մասնավոր ընկերություններն աստիճանաբար անցնեն մեծ ու միջին տեղատարողությամբ ավտոբուսներով սպասարկման»,-նշել է Տարոն Մարգարյանը:

Չինական կողմի հետ քաղաքապետը քննարկել է ավտոբուսների շահագործման եւ տեխնիկական բնույթի հարցեր, այդ թվում նաեւ վառելիքի ծախսի նվազեցման ու հաշմանդամություն ունեցող անձանց համար ավտոբուսների վրա հատուկ սարքավորումների տեղադրման վերաբերյալ:

«Հայեր-Բաս» ավտոգործարանի փոխնախագահ Խուան Շու Պինը նշել է, որ քաղաքապետի կողմից բարձրացված բոլոր հարցերը պատրաստ են քննարկել եւ ներկայացնել համապատասխան առաջարկներ:

«Որպես ավտոբուս արտադրող աշխարհում խոշորագույն ընկերություն, մեր մասնագետների աջակցությամբ կանենք հնարավորը, որպեսզի ավտոբուսները շահագործվեն ճիշտ եւ ծառայեն Երեւանին երկար տարիներ»,-ընդգծել է Խուան Շու Պինը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ առաջիկայում փոխըմբռնման հուշագրի ստորագրման եւ չինական ընկերության հետ հետագա հնարավոր համագործակցության շուրջ հարցեր: