Թեղուտի լեռնահարստացուցիչ ֆաբրիկան կաշխատի ամբողջապես մեկուսացած շրջանառություն կատարող ջրով: Այս մասին ասվում է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նախագծում, որը ներկայացվել է Վանաձորում տեղի ունեցած հասարակական լսումների ժամանակ:
Ֆաբրիկայի բոլոր արտադրական հանգույցների համար նախատեսված կլինի դրենաժ, այդ թվում մթնոլորտային տեղումների համար: Հանվավայրում օգտագործվող արտադրական ջրերի հոսքը կմեկուսացվի հողի եւ կովի շերտով:
Հիդրոլոգ Քնարիկ Հովհաննիսյանի կարծիքով, հնարավոր չի լինի ամբողջությամբ մեկուսացնել ջուրը, ինչը ստորերկրյա ջրերի աղտոտվածության վտանգ է ստեղծում: Նշենք, որ արդյունահանվող հանքանյութը կհարստացվի ֆլոտացիայի ճանապարհով, այսինքն ջրի միջոցով:
Հանքավայրում պղնձի եւ մոլիբդենի ընդհանուր պաշարները գնահատվում են համապատասխանաբար 1,6 մլն եւ 100 հազար տոննա: Հանքանյութից պղնձի եւ մոլիբդենի զատումը կկազմի համապատասխանաբար 82 եւ 68 տոկոս, իսկ խտանյութում` 51 եւ 32 տոկոսը:
«Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանի կարծիքով, մետաղների զատումը պետք է լինի առավելագույնս բարձր, որպեսզի դրանք չմնան պոչամբարներում: «Հայտնի է, որ դրանց կրկնակի շահագործումը լրացուցիչ բնապահպանական ռիսկերի է բերում»,-ասաց նա:
«Իսկապես, հողաշեղջը վտանգ է ներկայացնում: Եթե ժամանակի ընթացքում ծծմբային ապարները ջրի հետ շփումից առաջացնում են ծծմաթթու, այն կարող է լրջագույն սպառնալիք դառնալ: Հիմա մենք լուրջ նախագիծ ենք պատրաստում այդ վտանգը չեզոքացնելու համար, որը կներկայացնենք հասարակությանը»,-հայտարարել է «Վալեքս» ընկերությունների խմբի փոխնախագահը Գագիկ Արզումանյանը, ով պետք է շահագործի հանքավայրը:
Ըստ Սանասարյանի, եւս մեկ խնդիր է շրջակա միջավայրի աղտոտվածության փոխհատուցման փոքր չափը:
«Բնական է, որ հանքավայրի շահագործումը ազդում է շրջակա միջավայրի վրա եւ դա հերքելն անիմաստ է: Բայց մենք ուզում ենք մեզ վրա առավելագույն պատասխանատվություն վերցնել մեր գործունեության համար եւ շնորհակալ կլինենք մեր հնարավոր թերությունների վերաբերյալ ցանկացած առարկայական դիտողության համար»,-ասել է Արզումանյանը:


























