«Թուլուզյան հրաձիգ» Մոհամեդ Մերայի սպանությունից հետո պարզվել է, որ ֆրանսիական հատուկ ծառայությունները նրան հետեւել են մի քանի տարի, սակայն չեն կարողացել կանխել ողբերգությունը: Հարցեր է հարուցել նաեւ նրան վնասազերծելու գործողությունը: Երկրի իշխանությունները քննադտության սյունին են գամվել այն պատճառով, որ չեն կարողացել ահաբեկչին ողջ բռնել: Գործողությունն անվանել են ձախողված:
Խիստ քննադատությամբ հանդես է եկել ֆրանսիական հատուկ ծառայության վետերան, ֆրանսիական GIGN ժանդարմության հատուկ վերնախավային ստորաբաժանման հիմնադիր 67-ամյա Քրիստիան Պրոտոն: Նա տարակուսել է, որ վերնախավային հատուկ ստորաբաժանումը չի կարողացել ողջ բռնել ահաբեկչին, ինչը պահանջում էին երկրի գերագույն իշխանությունները: Վետերանի կարծիքով` հարկավոր էր արցունքաբեր գազ կիրառել, այլ ոչ թե լուսաաղմկարար նռնակներ նետել, եւ ամբողջ գործողությունը կտեւեր հինգ րոպե:
Հակաահաբեկչական պայքարի մասնագետները հաստատում են, որ Մերայի վնասազերծման գործողությունը բավականին պարզ է եղել հենց այն պատճառով, որ նա մենակ է եղել, առանց պատանդների: Սակայն բանն այն է, որ երբ հատուկ նշանակության ջոկատն արդեն հարձակվել է, ոչ ոք չի իմացել ողջ է ընդհանրապես ահաբեկիչը: Այդ պատճառով էլ լոգարանից ահաբեկչի հայտնվելը, այն էլ կրակելով, ինքնին անսպասելի է եղել: Փոխհրաձգության ընթացքում Մերան կարողացել է պատուհանին մոտենալ եւ դուրս ցատկել, նախքան նշանառուի կրակելը:
Մյուսներն իրենց հարց են տալիս, ինչու հատուկ ծառայությունները չեն վնասազերծել Մերային նախքան ահաբեկչություն կատարելը: Առավել եւս, որ իրավապահ մարմինների տեսադաշտում նա վաղուց է հայտնվել: Դեռեւս դեռահաս տարիքում նա մասնակցել է տասնյակ մանր հանցագործությունների, 19 տարեկանում գողության համար կես տարի բանտ է նստել:
Իշխանություններին հայտնի է եղել, որ 2010 թվականի նոյեմբերին եւ 2011 թվականի օգոստոսին նա այցելել է Աֆղանստան եւ Պակիստան: Ինչպես հաստատել է Մերան, պակիստանյան Վազիրիստան նահանգում նա պատրաստականություն է անցել «Ալ Կաիդայի» գրոհայինների ճամբարում եւ իրեն համարել է «իսլամի մարտիկ», հայտնում է NEWSru.com-ը:
Մինչդեռ Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը հայտնել է, որ Մոհամեդ Մերային նախքան սպանություն կատարելը ձերբակալելու ոչ մի հնարավորություն չի եղել: «Մենք ապրում ենք իրավական պետությունում», - բացատրել է նա:
Ֆիյոնը նշել է, որ Ֆրանսիայի ներքին հետախուզության կենտրոնական վարչության աշխատակիցները ինչ-որ ժամանակ վերահսկել են Մերայի տեղաշարժումները եւ եկել են այն եզրակացությանը, որ նա հանրապետության համար վտանգ չի ներկայացնում: «Այն, որ նա կապ է ունեցել սալաֆիթական կազմակերպությունների հետ, իրավախախտում չի համարվում: Չպետք է շփոթել հոգեւոր ֆունդամենտալիզմը եւ ահաբեկչությունը, չնայած որ մեզ քաջ հայտնի է նրանց միջեւ կապը», - ասել է նա:


























