ԱՄՆ-ում հայտարարվել է առանց ինտերնետի օր: Այն սկսվում է մարտի 23-ից` արեւը մայր մտնելուց հետո եւ տեւում մի քանի ժամ: Նման ակցիայի անցկացումն առաջարկել է ոչ կոմերցիոն Reboot կազմակերպությունը:

Նա, ով ցանկանում է մասնակցել ակցիային, պետք է անջատի համակարգիչը, սմարթֆոնը եւ մյուս սարքավորումները, չստուգի էլեկտրոնային հասցեն եւ չմտնի Facebook:

Վերջին հետազոտությունների տվյալներով, մի քանի ժամ ցանցի անջատումը դա մեծ զոհողություն է ամերիկացիների համար:

Համաձայն Boston Consulting Group-ի հարցումների, ինտերնետը դարձել է մարդկանց կյանքի անբաժան մասն այն աստիճան, որ ԱՄՆ բնակիչների 21 տոկոսը կգերադասեր հրաժարվել սեքսից մի ամբողջ տարի, քան զրկվեր ինտերնետ մտնելու հնարավորությունից: Բացի այդ, հարցվածների 69 տոկոսը կհամաձայեր մեկ տարի սուրճ չխմել, 77 տոկոսը` շոկոլադ չուտել, իսկ 7 տոկոսը` լոգանք չընդունել, բայց փոխարենը ինտերնետ մտնելու հնարավորություն ունենալ, հաղորդում է «Ռոսբալթ»-ը: