Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջաների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, 4 տարվա ազատազրկման է դատապարտել ոտիկանության քրեական հետախուզության նախկին պետ գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի դատավճիռը:
Ըստ դատավորի, Թամամյան նաեւ իրավունք չունի երկու տարի տեղական եւ պետական մարմիններում պաշտոն զբաղեցնել:
Արմեն Պողոսյանն ու Վահան Խանզադյանը դատապարտվեցին 2,6 տարի պայմանական ազատազրկման: Նրանք ազատ արձակվեցին դատարանի դահլիճից:
Նշենք, որ մարտի 20-ին կայացած նիստում մեղադրող Հարություն Հարությունյանը 4 տարվա ազատազրկում էր պահանջել Հովհաննես Թամամյանի համար: Իսկ Արմեն Պողոսյանին ու Վահան Խանզադյանին առաջարկել էր դատապարտել 2,5 տարվա պայմանական ազատազրկման: Ավելի վաղ Խանզադյանը, Պողոսյանն ու Հովհաննես Թամամյանը իրենց մեղավոր էին ճանաչել կատարած հանցանքում:
Հիշեցնենք, որ Հովհաննես Թամամյանը անազատության մեջ է գտնվում 2011 թվականի մարտի 24-ից: Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ): Հայաստանի այն ժամանակվա ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը փետրվարի 24-ին Հովհաննես Թամամյանին եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վարուժան Ադամյանին ազատել էր աշխատանքից գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա՝ «հետագա պաշտոնավարման աննպատակահարմարության» հիմնավորմամբ:
Մամուլի տեղեկությունների համաձայն, Հովհաննես Թամամյանին կալանավորել են քրեական մի գործի նախաքննությունը շեղելու եւ իրական մեղավորին պատասխանատվությունից ազատելու համար: Նույն գործի շրջանակներում ձերբակալվել էր նաեւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի օպերգծով նախկին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Պողոսյանը եւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Վահան Խանզադյանը:



























