Մոսկվայում քրեական գործ է հարուցվել ունեցվածքի կանխամտածված ոչնչացման մեղադրանքով` հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակի եւ ընդդիմադիր Իլյա Յաշինի դեմ: Այդ մասին հայտնել են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Խոսքը Canon ХА 10Е տեսախցիկի մասին է, որ պատկանում էր iNews-ի թղթակից Իսակովային: Նախնական տվյալներով, տեսախցիկը կոտրել էին հիշողության չիպը ոչնչացնելու համար: Սարքավորման արժեքը 114 հազար ռուբլի է:

Նշենք, որ News Media-ի գործադիր տնօրեն Աշոտ Գաբրիելյանովն ու iNews հոլդինգի երկու աշխատակցուհիներ ավելի վաղ ոստիկանությանը հայտնել էին, թե մարտի 13-ի գիշերը «Տվերբուլ» ռեստորանում ծեծել են լրագորղներին: Դիմումատուների խոսքով, Սոբչակը, Յաշինն ու Անաստասյա Օգնեւան ծեծել են մի լրագրողուհու, իսկ ֆոտոթղթակցի սարքավորումը կոտրել են:

Ավելի ուշ Սոբչակը հայտնել էր, թե լրագրողները լրտեսել են իրենց` խախտելով մասնավոր զրույցների գաղտնալսման օրենքը: