Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալել է Դաղստանի երկու բնակիչների, որոնք մեղադրվում են երեք սպանությունների եւ բազմաթիվ ավազակային հարձակումների մեջ: Նշվում է, որ նրանք հարձակվում էին նույնասեռականների վրա:

Մոսկվայի ոստիկանությունում հայտնել են, որ այս պահի դրությամբ հայտնի է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց դեմ ավազակային հարձակման 30 դրվագների մասին: Ընդ որում, երեք դեպքում տուժածները մահացել են:

Կասկածյալները 25 եւ 22 տարեկան են: Իրավապահների տվյալներով, նրանք գործել են նույն սխեմայով: Համացանցում սեռական ծառայություններ մատուցելու մասին հայտարարություններ են տվել, ապա հանդիպել պոտենցիալ զոհի բնակարանում, հարձակվել տանտիրոջ վրա եւ կողոպտել, հաղորդում է Dni.ru-ն:

Մարտի սկզբին Մոսկվայի Տվերսկոյ շրջանի բաժին մի երիտասարդ էր դիմել, ով հայտնել էր, որ ընկերը տեւական ժամանակ կապի դուրս չի գալիս: Ընկերոջ դիակը հայտնաբերել էին բնակարանում: Փաստի առիթով քրեական գործ էր հարուցվել: