Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ով լքում է Կրեմլը վարչապետի պաշտոնը ստանձնելու մտադրությամբ, կարճ կմնա իր համար նոր պաշտոնում: Այդ մասին ասվում է Bloomberg ընկերության հրապարակած կանխատեսման մեջ:

Ինչպես հաղորդում է Գազետա.Ru-ն, զեկույցի հեղինակները նկատում են, թե Ռուսաստանի հաջորդ կառավարությունը բախվելու է մեծ դժվարությունների հետ: «Մեդվեդեւը նման է անդամալույծի` զուրկ որեւէ վստահությունից: Մարդկանց մեծ մասը մտածում է, որ նա երկար չի մնա այդ պաշտոնում»,- ասել է Ռոբերտ Պրոկոպը` լոնդոնյան Charlemagne Capital ներդրումային հիմնադրամի մենեջերը:

Վերլուծաբանների կարծիքով, գլխավոր պատճառներից մեկը, որ կարող է վնասել կառավարությանը, նավթի գինն է: Նրանց խոսքով, 2013թ. ռուսական Urals մակնիշի նավթը, որ այժմ վաճառվում է մեկ բարրելը 120 դոլարով, կարող է էժանանալ մինչեւ 100 դոլար:

Մայիսին Մեդվեդեւը բախվելու է բյուջեի մեծ դեֆիցիտի հետ Պուտինի նախընտրական խոստումների պատճառով, որոնք կարժենան 160 միլիարդ դոլար: