Արգենտինան թույլատրել է նույնասեռ ամուսնությունները տարբեր երկրների զբոսաշրջիկներին: Փաստացի, Արգենտինան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որտեղ գեյերն ու լեսբուհիները կարող են օրինականացնել հարաբերությունները:
Երկրում ճանապարհորդող պարագվայցիներ Սիմոն Կասալի եւ Սերխիո Լոպեսի ընտանեկան միությունը գրանցվել է մարտի 23-ին Ռոսարիո քաղաքի քաղաքացիական ակտերի գրանցման գրասենյակում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով տեղական լրատվամիջոցներին:
Ամուսնության մասին տեղեկությունը եւ լուսանկարները Facebook սոցիալական ցանցի իր էջում տեղադրել է քաղաքի քաղաքապետ Մոնիկա Ֆեյնը, որը մասնակցել է հանդիսավոր արարողությանը:
Նախկինում նույնասեռ զբոսաշրջիկները միայն Կանադայում կարող էին օրինականացնել ընտանեկան միությունը, բայց պարտադիր պայմանով, որ միասեռ ամուսնությունները պետք է թույլատրված լինեին այն երկրում, որտեղ նրանք մշտապես բնակվում են (Պարագվայում արգելված է):
Արգենտինայում նույնասեռ ամուսնությունների մասին օրենքը հավանության է արժանացել Ազգային կոնգրեսի եւ ստորագրվել նախագահ Քրիստինա Ֆերնանդես դը Քիրշների կողմից 2010թ. հուլիսին` չնայած զանգվածային բողոքներին:
Լիիրավ նույնասեռ ամուսնությունները թույլատրված են Հոլանդիայում, Բելգիայում, Կանադայում, Իսպանիայում, ՀԱՀ-ում, Նորվեգիայում, Շվեդիայում, Իսլանդիայում, Պորտուգալիայում, ԱՄՆ-ի որոշ նահանգներում, ինչպես նաեւ Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում:




























