Ռուսական «Կոսմոս» շարքի արբանյակի բեկորը թռել է Միջազգային տիեզերակայանի կողքով, հաղորդում է ՆԱՍԱ-ն Twitter-ի իր պաշտոնական միկրոբլոգներում:
«Տիեզերական աղբի կտորը թռել է ՄՏԿ-ի կողքով, անձնակազմի անդամներն արդեն լքում են «Սոյուզ» տիեզերանավերը եւ վերադառնում ամենօրյա պարտականություններին», -ասված է հաղորդագրության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքսը», Միջազգային տիեզերակայանի ամբողջ անձնակազմը պատսպարվել էր «Սոյուզ» տիեզերանավերում` տիեզերական աղբի բեկորի հետ բախվելու հավանականության կապակցությամբ:
ՄՏԿ-ում կայանած «Սոյուզ-ՏՄԱ 031Մ» տիեզերանավում եղել են ռուս տիեզերագնաց Օլեգ Կոնենկոն, հոլանդացի Անդրե Կեյպերսը եւ ԱՄՆ-ի տիեզերանավորդ Դոնալդ Փեթիթը: «Սոյուզ-ՏՄԱ 22» տիեզերանավում եղել են ռուսներ Անտոն Շկապլերովը եւ Անատոլի Իվանիշինը, ինչպես նաեւ ամերիկացի Դենիել Բերբանկը:
Հիշեցնենք, ավելի վաղ ԱՄՆ-ի տիեզերագնացության եւ տիեզերական տարածության հետազոտության վարչությունը (ՆԱՍԱ) նախազգուշացրել էր, որ ՄՏԿ-ին սպառնում է ռուսական արբանյակի բեկորի հետ բախումը:



























