Տուապսեում ազատել են Սուրեն Ղազարյանին, ով կալանավորվել էր ոստիկանությանը չենթարկվելու համար: Մոսկվայից Ղազարյանին պաշտպանելու են ժամանել մի քանի ակտիվիստներ, այդ թվում Խիմկիի անտառի պաշտպանության շարժման առաջնորդ Եվգենիա Չիրիկովան:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, ավելի վաղ քաղաքացիական ակտիվիստները եղել են Սեւծովյան ափին ընթացող շինարարական աշխատանքների վայրում, որտեղ, ինչպես պնդում են բնագետները, կառուցվում է Կրասնոդարի նահանգապետ Ալեքսանդր Տկաչեւի ամառանոցը:
Բնագետները նկատել են, որ ցանկապատված տարածքը շատ ավելի մեծ է, քան փաստաթղթերում նշվածը: Հենց սրա դեմ էր ուղղված Ղազարյանի եւ բնագետ Եվգենի Վիտիշկոյի բողոքը, ինչն էլ հանգեցրել էր կառուցապատողների նկատմամբ քրեական գործ հարուցելուն`գույքը փչացնելու մեղադրանքով:
«Յաբլոկո» կուսակցության անդամ Սուրեն Ղազարյանը ձերբակալվել է, այսպես կոչված, «նահանգապետ Տկաչեւի ամառանոցի մոտ» մարտի 13-ին` անտառային ֆոնդի տարածքում մասնավոր պաշտպանական ձեռնարկության աշխատակիցների կողմից: Նրա հետ ձերբակալվել է նաեւ նրա փաստաբան Վիկտոր Դուտլովը:
Մարտի 14-ին Ղազարյանը եւ Դուտլովը Տուապսեի շրջանային դատարանում դատապարտվել էին 10-օրյա կալանքի: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը խոստացել է դատախազին հանձնարարել ստուգել Ղազարյանի գործի օրինականությունը:



























