Խորհրդարանական ընտրություններից հետո կոալիցիոն ձեւաչափի կրկնությունը շատ բարդ հարց է, որովհետեւ շատ բան կախված կլինի ընտրությունների արդյունքներից: Այս մասին, այսօր` մարտի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:

Նրա խոսքով, գործող կոալիցիոն հուշագիրը թույլ է տալիս կարծել, որ գործող կազմով կոալիցիայի 3 կուսակցությունները կոալիցիա կկազմեն նաեւ հաջորդ խորհրդարանում: «Սա իմ տեսակետն է, որը հիմնվում է անցած դրական ճանապարհի փորձի եւ կոալիցիոն հուշագրի վրա»,- ավելացրեց Գագիկ Մինասյանը:

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում նրան, որ մի ընտրատարածքում նույնիսկ 3 ՀՀԿ-ականներ են առաջադրված, պատգամավորը պատասխանեց, որ կուսակցության ղեկավար մարմինը մեկ թեկնածուի է առաջադրել, հետեւաբար պաշտպանելու է հենց այդ թեկնածուին: