Թեեւ Հայաստանում արդեն ապրիլի 8-ին մեկնարկում է նախընտրական քարոզարշավը, բայց մի քանի քաղաքական ուժեր դեռ չունեն նախընտրական կարգախոս եւ նախընտրական շտաբի ղեկավար: Այս է ցույց տալիս NEWS.am-ի մոնիթորինգը կուսակցությունների շրջանում:

Այսպես, առաջինն իր կարգախոսը եւ նախընտրական շտաբի ղեկավարին «բացահայտել է» ՀՀԿ-ն: Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարում է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նրանց կարգախոսն է «Հավատանք, որ փոխենք»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարում է Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը: Կուսակցության կարգախոսները, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով, մի քանիսն է: «Միասին կառուցենք բարգավաճ երկիր», «Մեր խոսքը գործ է», «Հզոր պետություն, զարգացող տնտեսություն, բարեկեցիկ ընտանիք», «Հավատա, վստահիր, պահանջիր»: Այս կարգախոսներից նորը եւ գլխավորը վերջինն է:

Մյուս կոալիցիոն ուժի` «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարում է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, իսկ նախընտրական կարգախոսն է «Հավատանք, որ կառուցենք օրինաց երկիր»:

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանի խոսքով` Հայ հեղափոխական դաշնակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է ԱԺ պատգամավոր Միքայել Մանուկյանը, իսկ կարգախոսն է «Ազատություն, արդարություն, դաշնակցություն»:

Նախընտրական շտաբի ղեկավար եւ կարգախոսներ չունեցող ուժերն են ՀԱԿ-ը եւ «ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատաները»:

Ընդհանուր համամասնական ցուցակով  խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատները» կուսակցությունները,  «Ժառանգության» պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի խոսքով, կունենան միասնական նախընտրական շտաբ, սակայն առայժմ ոչ շտաբի ղեկավար, ոչ էլ կարգախոս չունեն: Նրանք նախընտրական կարգախոսների մի քանի տարբերակ ունեն, սակայն առայժմ վերջնական որոշում չկա:

Հայ ազգային կոնգրեսը եւս, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի խոսքով, նախընտրական շտաբի ղեկավար եւ կարգախոս դեռ չունի:

Հայաստանի կոմունիստական կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարում է Կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը, իսկ կարգախոսն է «Կոմունիստների հաղթանակը ժողովրդի հաղթանակն է»: 

Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) նախընտրական շտաբը ղեկավարում է կուսակցության նախագահության անդամ Լյուդմիլա Ազիզյանը, կարգախոսներն են «Ես մենք ենք» եւ «Եթե արդարություն, ապա Դեմկուս»:

«Միավորված հայեր» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարում է կուսակության նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, իսկ կարգախոսները երեքն են` «Հայեր, միացեք, միացեք իրավական երկրում»,«Ճշմարիտ սոցիալ-իրավական պետություն» եւ «Կյանքի կոչենք ազգին ծառայող իրավունքի գերիշխանությունը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 22-ին, ժամը 18:00-ին, Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է 2012-ի մայիսի 6-ին ԱԺ-ի ընտրություններին մասնակցելու համար քաղաքական կուսակցությունների եւ դաշինքների` փաստաթղթերի ընդունման գործընթացը:

Իրենց փաստաթղթերը ներկայացրել են 8 քաղաքական կուսակցություն եւ մեկ դաշինք: Հերթական խորհրդարանական ընտրություններին ցանկանում են մասնակցել նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանի հանրապետական կուսակցությունը, Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան», Արթուր Բաղդասարյանի «Օրինաց երկիր» կուսակցությունը, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը` Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ, Ռաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած «Ժառանգություն» կուսակցությունը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը եւ «Միավորված հայեր» կուսակցությունը:

Այդ ինը քաղաքական ուժերը, ԿԸՀ-ի գրանցման գործընթացը հաջողությամբ ավարտելուց հետո, կպայքարեն ԱԺ 90 մանդատների համար: Խորհրդարան անցնելու համար նրանք պետք է հաղթահարեն 5 տոկոսանոց շեմը, իսկ դաշինքները` 7 տոկոսանոց շեմը:

Եւս 41 պատգամավոր ընտրվելու է մեծամասնական համակարգով: Մեծամասնական 13 ընտրատարածքներ են ձեւավորվել Երեւանում, եւ 28-ը` շրջաններում: Մարզային ընտրական հանձնաժողովները մարտի 22-ին ժամը 18:00-ին եւս ավարտել են մեծամասնական համակարգով փաստաթղթերի ընդունումը:

Ապրիլի 1-ից տեղի կունենա կուսակցությունների ու դաշինքների գրանցումը: Մինչեւ ապրիլի 6-ը կուսակցությունները եւ մեծամասնական ցուցակներով առաջադրվող թեկնածուները պետք է ներկայացնեն հայտարարագիր: Ապրիլի 8-ից մինչեւ մայիսի 4-ը տեղի կունենա քարոզարշավը: Մայիսի 5-ն կհայտարարվեն ընտրողների վերջնական ցուցակները:

Նշենք, որ քարոզարշավը կավարտվի մայիսի 5-ին, հենց այդ օրն էլ հայտարարվում է «լռության օր»: Ընտրությունները տեղի կունենան մայիսի 6-ին երեւանյան ժամանակով ժամը 08:00-ից մինչեւ 20:00-ն: