«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունում չի քննարկվել, թե Արաբկիր համայնքի թիվ 4 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարագով առաջադրվող երկու կին  թեկնածուներից` «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյան եւ «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյան, ում են իրենք պաշտպանելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամուլի քարտուղար Անժելա Խաչատրյանը: Նա նշեց, որ կողմնակից են, որպեսզի յուրաքանչյուր ընտրատարածքում լինի մեկ ընդդիմադիր թեկնածու, որպեսզի ընդդիմադիրների ձայները չփոշինանան: «Քանի որ մենք ընտրությունների գնում ենք «ժառանգության» հետ դաշինքով, Զարուհի Փոստանջյանը դաշինքի թեկնածուն է, բայց մեկ անգամ եւս շեշտեմ, որ մենք կողմնակից ենք, որ յուրաքանչյուր ընտրատարածաքում մեկ ընդդիմադիր թեկնածու լինի»,- նշեց մամուլի քարտուղարը:

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները մասնակցելու են դաշինքով եւ հանդես են գալիս միասնական համամասնական ցուցակով: Թիվ 4 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է ՀՀԿ-ից Արմեն Եփրեմյանը, ՀՀՇ-ից` Արամ Մանուկյանը, անկուսակցական Ալեքսան Մինասյան, ՀՀԿ-ից Արտակ Սարգսյան, «168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը, «Ժառանգությունից»` Զարուհի Փոստանջյանը: Սաթիկ Սեյրանյանն ասել էր, որ ակնկալում է «Ազատ դեմոկրատների» աջակցությունը:

Նշենք, որ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկել է ընդդիմադիրներին համատեղ քննարկման արդյունքում ամեն մի ընտրատարածքում թողնել մեկ ընդդիմադիր թեկնածուի: