Հայաստանի կոմունիստական կուսակցությունն (ՀԿԿ) ու Առաջադիմական միավորված կոմկուսը (ԱՄԿԿ) առաջիկա խորհրդարանական ընտրությունների կմասնակցեն միասնական ճակատով: Այս մասին այսօր` մարտի 24-ին, ասուլիսում հայտարարեց ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը, հավելելով, որ երկու կոմկուսների միավորումը դաշինքի տեսք չի ստացել:

«ԱՄԿԿ-ն ներկայացրել է իր 7 ներկայացուցիչներին, որոնք ներառվել են ՀԿԿ-ի համամասնական ցուցակում: Կոմկուսն առաջինն է իր փաստաթղթերը ներկայացրել ԿԸՀ»,-ասել է Թովմասյանը:

Խոսելով առաջիկա քարոզարշավի մասին, նա հայտնել է, որ ՀԿԿ-ն ողջ հանրապետությունում 45 ներկայացուցչություններ ունի:

Կոմունիստները քարոզարշավի ժամանակ մտադիր են այցելել բոլոր քաղաքներն ու գյուղերը, ներկայացնել խորհրդային Հայաստանի շրջանում մեր ունեցած հաջողությունները, որոնք հնարավոր էին դարձել Կոմկուսի շնորհիվ:

Թովմասյանը վստահ է, ՀԿԿ-ն լուրջ հաջողություններ կունենա առաջիկա ընտրություններում եւ կմտնի խորհրդարան: «Ես Ադիբեկյանը չեմ, որ միակողմանի հայտարարություններ անեմ: Իմ կանխատեսումները հիմնված են բնակչության հետ իմ հանդիպումների վրա: Ես կարծում եմ, որ մենք կարող ենք ստանալ ընտրողների 15-17 տոկոսի ձայները»,-ասաց նա:

Նշենք, որ կոմունիստներն ընտրություններին մասնակցում են հետեւյալ կարգախոսներով. «Հաղթում է կոմկուսը, հաղթում է ժողովուրդը», «Սոցիալիզմ, հայրենիք, հաղթանակ»: