Մեծ Բրիտանիայի կառավարող պահպանողական կուսակցության ֆինանսիստներից մեկը` Փիթեր Կրուդասը մարտի 25-ին հրաժարական է ներկայացրել` նախօրեին բռնկված սկանդալի պատճառով:

Ինչպես հաղորդում է BBC Russian-ը, կիրակնօրյա Sunday Times-ը հրապարկել է տեսանյութ, որտեղ արձանագրված է, թե ինչպես է Կրուդասը  քննարկում բրիտանական կառավարության  բարձրաստիճան անձանց հետ հանդիպման կազմակերպման հարցը` պահպանողականների համար  որոշակի նվիրաբերության դիմաց:  Այդ «նվիրաբերությունը» կազմում է 250 հազ. ֆունտ ստեռլինգ:

Սկանդալային տեսանյութում լրագրողները ներկայացել են որպես գրոծարարներ, որոնք ցանկացել են իբր հանդիպել բրիտանական կառավարույթան ղեկավարի հետ` տնտեսության  ընթացիկ հեռանկարները քննարկելու համար:  Կրուդասը «գործարարներին» տեղեկացրել է, որ նշված գումարի դիմաց նրանք կարող են  ստանալ վարչապետ Դեյվիդ Քեմերոնի եւ ֆինանսների նախարար Ջորջ  Օսբորնի հետ ոչ պաշտոնական հանդիպման հրավեր:

Այդ տեսանյութի ի հայտ գալուց անմիջապես հետո Պահպանողական կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ` պնդելով, որ չեն խախտվել դրամահավաքի կանոնները:

Իսկ Կրուդասը, ով այդ պաշտոնին նշանակվել է  2011. ամռանը, հայտարարել է հրաժարականի մասին: «Ես ցավում եմ, որ զրույցի ժամանակ իմ պարծենկոտությունը կարող էր տպավորություն ստեղծել, թե խոսքն անվայել գործողությունների մասին է»,-հայտարարել է նա: