Ռուսկի կղզու երկու բնակիչներ հարբած վիճակում սպանել են իրենց մյուս ընկերոջը եւ նրանից կերակուր պատրաստել: Պատճառը ուտելիքի պակասն է եղել: Մնացած մասը նրանք վաճառել են որպես «խոզի միս»:
Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», միջադեպը թեեւ տեղի է ունեցել մարտի 22-ին, բայց սպանության մասին հայտնի է դարձել միայն 25-ին: Կանիբալներին ձերբակալել են գնորդներից մեկի շնորհիվ, ում կասկածելի է թվացել գնած միսը: Նա այն տարել է տեղի անասնաբույժի մոտ, վերջինս էլ ասել է, որ այն ընդհանրապես կենդանու չի պատկանում, ավելի շատ կարող է մարդու լինել:
Շոկի մեջ գտնվող գնորդը շտապել է այդ մասին հայտնել ոստիկանություն: Օպերատիվ գործողությունների արդյունքում հայտնաբերվել է վաճառողների տունը: Այնտեղ նրանք գտել են երկու հարբած տղամարդու, ովքեր մանրամասնորեն պատմել են, թե ինչպես են սպանել եւ կերել իրենց ընկերոջը: Մարդակերների սառնարանում հայտնաբերվել է սպանվածի գլուխը եւ մարմնի այլ մասեր:
Նրանք նաեւ պատմել են, որ հասցրել են միսը իրացնել: Ուշագրավ է, որ «խորտիկ» է դարձել հետախուզման մեջ գտնվող հանցագործը:


























