Ժուռնալիստիկան աշխարհի ամենավտանգավոր մասնագիտություններից մեկն է: Այս մասին նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի զեկույցում, որը ներկայացվել է Հաղորդակցությունների զարգացման միջազգային ծրագրի միջկառավարական խորհրդի 28-րդ նստաշրջանում` մարտի 22-23-ին Փարիզում:
«Ապշեցուցիչ թվով լրագրողներ եւ ԶԼՄ աշխատակիցներ են սպանվել իրենց մասնագիտական պարտքը կատարելիս»,-ասված է զեկույցում: Նշվում է, որ միայն վերջին 5 տարվա ընթացքում իրենց պարտքը կատարելիս սպանվել է ԶԼՄ 372 աշխատակից, 127-ը` միայն 2010-2011 թթ:
Զեկույցում նշվում է, որ «շատ դեպքերում լրագրողները պատրաստել են լոկալ հակամարտությունների, կոռուպցիայի եւ այլ ապօրինի գործունեության մասին նյութեր, իսկ նրանց նկատմամբ մահափորձերին շատ դեպքերում մասնակցում են ոստիկանության, ազգային անվտանգության աշխատակիցները, ինչպես նաեւ ոչ պետական կառույցները` հանցավոր խմբավորումները»:
Արձանագրվում է, որ շատ դեպքերում լրագրողների սպանության դեպքերը մնում են չբացահայտված:




























