Ստամբուլի «Յոնուս Էմրե» մշակույթային կենտրոնում մարտի 24-ին բեմադրված հայկական «Նռան հատիկներ» ներկայացմանը ներկա Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ներկայացումից հետո կարճ զրույց է ունեցել ստամբուլահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի հետ:
Թուրքական Gercekgundem կայքի փոխանցմամբ` թուրք կուսակցապետը զրույցի ժամանակ վերցրել է ֆոտոխցիկը եւ միասին լուսանկարել Արա Գյուլերին եւ Hurriyet-ի լրագրող Ահմեդ Հաքանին, այնուհետ առանձին լուսանկարել Արա Գյուլերին:
Նշենք, որ օրեր առաջ Թուրքայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունը «Մշակույթի եւ արվեստի մեծ մրցանակ» է հանձնել Արա Գյուլերին: Մրցանակաբաշխությանը ներկա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերցրել էր լուսանկարչական խցիկը եւ լուսանկարել Արա Գյուլերին։ Արա Գյուլերն իր հերթին կատակով հարցրել էր Էրդողանին, թե ե՞րբ կարող է նկարը վերցնել։































