Ատոմային անվտանգության հարցով հաջորդ գագաթաժողովը կայանալու է Նիդերլանդներում 2014թ.: Այդ մասին ասվում է Սեուլի գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրում:
Փաստաթղթում մասնակից երկրները արձանագրում են, որ գագաթաժողովը բարձրագույն քաղաքական մակարդակի արժեքավոր մեխանիզմ է` աջակցելու ատոմային անվտանգության հարցերին:
Ավելի քան 50 պետություններ հաստատել են ընդհանուր նպատակները ատոմային զինաթափման, ատոմային չտարածման ու ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում: «Ֆիզիկական ատոմային անվտանգության ամրապնդման միջոցները չեն կարող խոչընդոտել պետությունների` խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի զարգացման եւ օգտագործման իրավունքը»,- ասվում է հռչակագրում:
Ընդ որում, հանդիպման մասնակիցները ընդգծել են, որ ատոմային ահաբեկչությունը նախկինի պես իրենից լուրջ սպառնալիք է ներկայացնում միջազգային անվտանգությանը:
«Այդ սպառնալիքի վերացումը, հաշվի առնելով դրա պոտենցիալ գլոբալ քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ հոգեբանական հետեւանքները, պահանջում է վճռական ազգային միջոցներ եւ փոխգործակցություն միջազգային մակարդակում»,- նշվում է հռչակագրում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























