Անկախ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, Հայաստանի գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանը կառաջադրվի նախագահի թեկնածու 2013-ի ընտրություններում: Այս մասին, նա հայտարարեց այսօր` մարտի 27-ին կայացած ասուլիսում, վստահություն հայտնելով, որ ազատ եւ թափանցիկ ընտրությունների պարագայում ինքը պատգամավոր կդառնա:
Հարցին, թե ինչպես է վերաբերվում թիվ 41 ընտրատարածքում առաջադրված իր քաղաքական հակառակորդներին, Դ. Հակոբյանը պատասխանեց. «Իմ քաղաքական թշնամիներին ես արհամարհանքով եմ վերաբերվում»:
Կանխատեսելով խորհրդարանի ապագա կազմը, նա նշեց, որ ԱԺ-ում կհայտնվեն ՀՀԿ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, Դաշնակցությունը կստանա 7-10 մանդատ: «Օրինաց երկիր» կուսակցությունն ընդհանրապես խորհրդարանում հայտնվելու շանսեր չունի: Եթե խորհրդարան անցնի «Ժառանգությունը», ապա ՕԵԿ-ը խորհրդարանում չի լինի»,- կարծիք հայտնեց մարքսիստ Հակոբյանը:
Ինչ վերաբերում է կուսակցությունների համամասնական ցուցակներին, նա նշեց, որ կարող է միայն իր հոռետեսական վերաբերմունքն արտահայտել ՀՀԿ ընտրացուցակի նկատմամբ: «Ես ողջունում եմ Հայ ազգային կոնգրեսի վարքը, որը կարելի է համեմատել անգլիական բուլդոգի համառության հետ: Դեռ վաղ է ՀՀՇ-ին աղբանոց նետելու համար: Միայն Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՀԿ-ական տասը պատգամավորներ արժի: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա այս ընտրությունները նրանց համար վերջին շանսն են` ժողովրդին ցույց տալու, թե ով է երկրի թշնամին եւ ով է` բարի կամեցողը»,-ասաց Դավիթ Հակոբյանը, հավելելով, որ մյուս կուսակցությունների համամասնական ցուցակներին ծանոթ չէ:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























