Երեւանում, այսօր` մարտի 30-ին, մեկնարկել է «Հայաստան-Իտալիա. Զբոսաշրջության զարգացման հնարավորություններ» խորագրով համաժողովը, որն անցկացվում է Հայաստանի եւ Վենետո մարզի միջեւ զբոսաշրջության խթանմանը նվիրված «Սուրբ Ղազարից դեպի Արարատ» ծրագրի շրջանակներում:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ համաժողովի նպատակն է խթանել երկկողմ զբոսաշրջային հոսքերի աճը, ինչպես նաեւ ապահովել հայկական զբոսաշրջային արդյունքների առավելագույն ներկայացվածությունը իտալական զբոսաշրջային շուկաներում:
Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի, Իտալիայի Վենետո մարզի, Վենետիկի առեւտրի պալատի, Սուրբ Ղազարի Մխիթարյան միաբանության եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ:
Համաժողովին բացման խոսքով հանդես է եկել ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը եւ ներկայացրել զբոսաշրջության ոլորտում հայ-իտալական համագործակցության զարգացման հեռանկարային ուղիները: Ելույթներով հանդես է եկել նաեւ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը, Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին, Վենետիկի Առեւտրի պալատի ներկայացուցիչ Ֆրանչեսկո Բաիոչին եւ Վենետիկի Մխիթարյան Միաբանության ներկայացուցիչ Տիգրան Կարապետյանը:
Ըստ օրակարգի, նախատեսվում է Հայաստանի զբոսաշրջության ուսումնասիրության ներկայացում «Սուրբ Ղազարից դեպի Արարատ» ծրագրի համակարգող Նադիա Պասկուալի կողմից եւ կլոր սեղան քննարկում հայաստանյան ու իտալական զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Միջոցառումը շարունակությունն է անցյալ տարվա հոկտեմբերին Վենետիկում կազմակերպված նմանատիպ համաժողովի, որին մասնակցում էին երկու երկրների շուրջ 55 ընկերություններ:



























