Մոսկվայում տեղի է ունեցել ակցիա` հանուն Pussy Riot փանք խմբի ձերբակալված մասնակցուհիների աջակցության:

Ակցիայի կազմակերպիչները Facebook ցանցում հայտնել էին, որ Սադովայա կոլցոյով ավտոբուս է անցել, որի ներսում փակցված են եղել  ժամանակակից նկարիչների նկարներ, իսկ ապակիներին փակցրել էին աղմկահարույց խմբի անդամներին ազատելու կոչեր:

Ըստ կազմակերպիչների մտահղացման` ավտոբուսը պետք է պարբերաբար կանգ առներ Սադովայա կոլցոյում: Սակայն շուտով շարժման սկսվելուց անմիջապես հետո ոստիկանությունը վարորդից խլել է վարորդական իրավունքը: Որոշ ժամանակ անց այն վերադարձվել է, իսկ ակցիան` շարունակվել: Ավելի ուշ ավտոբուսին ուղեկցել են ճանապարհային ոստիկանության ծառայության մեքենաները:

Սովորական քաղաքացիներին արդյունքում դժվարությամբ էր հաջողվում ավտոբուս բարձրանալ, քանի որ նրանում կային մամուլի բազմաթիվ ներկայացուցիչներ: 

«Այսօր Pussy Riot-ի աջակցությունը ճաշակի եւ այս կամ այն սոցիալական խմբին պատկանելու հարց չէ, դա ցանկացածի գործն է, ով մտածում է, թե ինչպիսի երկրում կապրեն իր երեխաները», - հայտարարել են միջոցառման կազմակերպիչները Facebook-ի էջում, հաղորդում է rbc-ն:

Հիշեցնենք, որ 2012 թվականի փետրվարի 21-ին Pussy Riot խումբն աղմկահարույց ակցիա էր անցկացրել  «փանք-մոլեբեն» անվան ներքո` Քրիստոս Փրկչի եկեղեցում:  2012 թվականի փետրվարի 26-ին հայտնի էր դարձել, որ այդ ակցիայի փաստով քրեական գործ է հարուցվել «Խուլիգանություն» հոդվածով:

Ներկայումս այդ գործով ձերբակալված են Նադեժդա Տոլոկոնիկովան, Մարիա Ալյոխինան եւ Եկատերինա Սամուցեւիչը: