Թուրքիայի «Հասարակական աշխատավորների արհմիությունների կոնֆեդերացիա»-ի (KESK) գլխավոր խորհուրդը պատասխանել է Թուրքիայի վարչապետի կողմից իրենց ուղղված մեղադրանքին։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ KESK-ի գլխավոր խորհրդի կողմից տարածված հայտարարության մեջ հիշեցվել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նկատի ունենալով KESK-ին՝ ասել է, թե նրանք, ովքեր ասում են, թե  կրթական նոր՝ 4+4+4 համակարգը չունի մանկավարժական հենք, ունեն հոգեբանական աջակցության կարիք։

«Դրությունը շատ ծանր է։ Հայտնի չէ, թե վարչապետը ինչի արդյունքում է մեզ խորհուրդ տալիս հոգեբանական աջակցություն ստանալ, երբ ինքը բժշկական կրթություն չունի։ Սակայն մենք ունենք 45 հազար անդամ, ովքեր բժշկական կրթություն են ստացել եւ տեսնում են, որ Էրդողանի հոգեբանական վիճակը լավ չէ։ Շատ պարզ է, որ իրենից բացի ոչ մեկին հաշվի չառնող Էրդողանը հոգեբանական լուրջ աջակցության կարիք ունի»,-նշվել է հայտարարության մեջ։

Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանը մարտի 30-ին ընդունել է հասարակական մեծ հնչեղություն ստացած կրթական նոր՝ 4+4+4 համակարգի նախագիծը։

Հիշյալ համակարգի նախագծի քննարկումները Թուրքիայի խորհրդարանում ուղեկցվել են սկանդալներով եւ ծեծկռտուքներով։

Կրթական նոր համակարգի դեմ են հանդես գալիս նաեւ մի շարք արհիմիությունները, որոնց բողոքի ակցիաները դաժանորեն ցրվել են ոստիկանության կողմից։

Նոր կրթական համակարգն իրենից ներկայացնում է պարտադիր ուսուցում 4 տարի տարրական եւ միջնակարգ դպրոցներում եւ 4 տարի էլ ավագ դպրոցում։ Տարրական եւ միջնակարգ դպրոցներն ավագ դպրոցներից առանձին են գործելու։

Այս նոր կրթական համակարգով դպրոցներում մտցվելու է իսլամի դասընթացներ, ինչը մեծ անհանգստություն է պատճառել Թուրքիայի աշխարհիկ կարգերի պահպանմամբ մտահոգ շրջանակներին։