Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է Տյումենի մոտ տեղի ունեցած ավիաաղետի զոհերի եւ տուժածների ճշտված տվյալները: Ըստ այդմ, կենդանի է մնացել ընդամենը 11 մարդ, 32-ը զոհվել են: Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ օդանավում եղել է 43 մարդ, այդ թվում 4 հոգանոց անձնակազմը:
Հաղորդվում է, որ անձնակազմի բոլոր անդամները` երկու օդաչու եւ երկու բորտուղեկցորդները (մեկ կին, մեկ տղամարդ) նույնպես զոհվել են: Օդանավում երեխաներ չեն եղել:
Բոլոր 11 տուժածները գտնվում են հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում` ծանր վիճակում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
UTair ավիաընկերությունը հրապարակել է աղետի ենթարկված օդանավի ուղեւորների ամբողջական ցուցակը, ինչպես նաեւ կենդանի մնացածների անունները, ում ինքնությունը հնարավոր է եղել պարզել: Այդ ցուցակում հայեր չկան:
ԱԻՆ-ը նաեւ որոշակի մանրամասներ է հաղորդում աղետի վերաբերյալ: Թռիչքից հետո օդանավի անձնակազմը կապի դուրս չի եկել եւ անհետացել է ռադարների տեսադաշտից: Հենց այդ ժամանակ, օդանավից 3-5 կմ հեռավորության վրա տեսանելի է եղել, թե ինչպես է օդանավը վայր ընկնում:
Օդանավն ընկել է գետնին եւ երեք մասի բաժանվել, որից հետո բռնկվել է:
Հիշեցնենք, որ ATR-72 օդանավը, որը կատարում էր Տյումեն-Սուրգուտ չվերթը, վայր է ընկել ապրիլի 2-ին, ժամը 05:50-ին, Տյումենի օդանավակայանից թռիչք կատարելու ժամանակ:




























