Ճշտված տվյալներով`Տյումենում օդանավի աղետի զոհ է դարձել ոչ թե 32, այլ 31 մարդ: Հիվանդանոցներում 12 տուժածներ կան: Այդ մասին հաղորդում է ԱԻՆ օպերատիվ խմբի ներկայացուցիչը:

Ինչպես «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել են ԱԻՆ Տյումենի մարզի գլխավոր վարչությունում, 30 զոհերի մարմինները դեռեւս վթարի վայրում են գտնվում, տուժածներից մեկն էլ մահացել է հիվանդանոց տեղափոխելիս:

Հետաքննությունը Տյումենի ավիավթարի երկու վարկած է դիտարկում. օդաչուական սխալ եւ տեխնիկական անսարքություն, հաղորդել է ՌԴ ՔՀ պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:

UTair ավիաընկերությունն ավելի վաղ հաղորդել էր, որ օդանավն ընկել է հարկադիր վայրէջք կատարելու փորձի ժամանակ: Արտակարգ պատահարի հանգամանքները ճշտվում են:

Հիշեցնենք,  ATR-72 օդանավը, որը Տյումեն-Սուրգուտ չվերթն էր իրականացնում, ընկել է ապրիլի 2-ին Տյումենի օդանավակայանից թռչելիս, ժամը  05.50-ին: Ինքնաթիռում եղել են 39 ուղեւորներ եւ անձնակազմի չորս անդամները: Նախնական տվյալներով` անձնակազմի  բոլոր անդամները զոհվել են: