Մերձավոր Արեւելքում այսօրվա դրությամբ կան մի քանի երկրներ, որտեղ քրիստոնյաներն իրենց համեմատաբար անվտանգ են զգում, սակայն այդ երկրների թիվը նվազում է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Մերձավոր Արեւելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին: Նրա խոսքով, քրիստոնյաների թիվը Մերձավոր Արեւելքում հետեւողականորեն նվազում է դեռ անցած դարասկզբից:
«20-րդ դարի սկզբին Մերձավոր Արեւելքի բնակչության 25-30 տոկոսը քրիստոնյաներ էին, այսօր նրանց թիվը 5 տոկոս է: Մենք գիտենք, թե ինչ է կատարվել Թուրքիայում, ինչ է այսօր կատարվում Պաղեստինում: Եթե Յասեր Արաֆաթի օրոք Բեթղեհեմի կամ Ռամալլայի բնակիչների 80-85 տոկոսը քրիստոնյաներ էին, այսօր առավելագույնը 15 տոկոս են»,- ասել է Սատանովսկին:
Եվգենի Սատանովսկիի կարծիքով, Իսրայելը, Իրանը եւ Սիրիան այսօր Մերձավոր Արեւելքում յուրատեսակ քրիստոնեական արգելոց են ստեղծել: Փորձագետը կարծում է, որ եթե ՍԻրիայի նախագահ Բաշար Ասադը հեռացվի իշխանությունից, Սիրիան իր վրայից կթոթափի տարածաշրջանում քրիստոնյաների հենարաններից մեկը լինելու իր դերը: «Այսօր Մերձավոր Արեւելքում քրիստոնեությունը կարող է գոյատեւել բացառապես ավտորիտար ռեժիմի պայմաններում, որն ապահովում է ազգային եւ կրոնական փոքրամասնությունների հստակ պաշտպանությունը: Եգիպտոսը, որտեղ ապրում է տարածաշրջանի քրիստոնյաների գրեթե կեսը, արդեն դադարել է այդպիսի երկիր լինելուց: Միայն «արաբական գարնան» ժամանակ այդ երկրից փախել են շուրջ 200 հազար քրիստոնյա ղպտիներ: Իրավիճակը լարված է, միտումն ակնհայտ է եւ ցավալի:
Նույն Պակիստանում այսօր նպատակաուղղված, զանգվածային կերպով ճնշում են քրիստոնյաներին ու կարեւոր չէ, թե նրանք քրիստոնեության որ ուղղությանն են պատկանում»,-նկատել է փորձագետը:
Մերձավոր Արեւելքի ինստիտուտի տնօրենը հիշեցրել է, որ օրերս Սաուդյան Արաբիայի գերագույն մուֆթի շեյխ Աբդուլ Ազիզ ալ-Աշեյխը հայտարարել է Արաբական թերակղզում բոլոր եկեղեցիներն ոչնչացնելու եւ մահմեդականությանը միակ թույլատրելի կրոնի կարգավիճակ տալու անհրաժեշտության մասին: «Վահաբական իսլամի տրամաբանությամբ, Արաբական թերակղզում, օրինակ, ոչ մի քրիստոնյա չպետք է եւ չի կարող լինել: Մենք բոլորս հիշում ենք, ինչպես Սաուդյան Արաբիայի հիմնադիր Աբդել Ազիզ իբն-Սաուդը պարզապես գլխատեց բոլոր քրիստոնյաներին կամ արտաքսեց երկրի սահմաններից: Ահա այսպիսի տրամաբանություն»,շել է Սատանովսկին:
Հարցին, թե որքանո՞վ է հնարավոր քրիստոնյա Արեւմուտքի միջամտությունն իրավիճակին, փորձագետն ընդգծել է, որ նման բան տեղի չի ունենա: «Մերձավոր Արեւելքի քրիստոնյաներին Արեւմուտքը դավաճանել ու ծախել է: Դա ամենամեղմ արտահայտությունն է, որ կարելի է ասել:
Եթե XIX դարում Արեւմուտքը դեռ ինչ-որ կերպ փորձում էր պաշտպանել Մերձավոր Արեւելքի քրիստնյաներին, նրանց համայնքները, ապա այսօր նավթը, արաբական ներդրումները, ռազմական համագործակցությունը փակել են դրա շուրջ բոլոր հնարավոր թեմաները: Լավագույն դեպքում քրիստոնյաներին կարող են թույլ տալ ներգաղթել իրենց երկրներ, այն էլ ոչ բոլորին եւ ոչ միշտ»,-ասել է Սատանովսկին:




























