Մոսկվայի Կաչալովյան շուկայի հրդեհի զոհերի թիվը հասել է 15-ի: Ինչպես հաղորդում է Մոսկվայի ԱԻՆ-ը, փրկարարները եւս երկու հոգու մարմին են գտել:

Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվել էր 12 զոհերի մասին: Հաղորդվել էր նաեւ, որ բոլոր զոհվածները Տաջիկստանի քաղաքացիներ են եղել: Հրշեջների տվյալներով` նրանց գիշերային կացարանը այնպես է կառուցված եղել, որ փրկվելու ոչ մի հնարավորություն չի եղել:

LifeNews-ի տվյալներով, աշխատողները հայտնվել են թակարդում. մարդիկ չեն կարողացել մոտենալ դռանը կրակե պատի պատճառով, իսկ պատուհաններից դուրս գալու համար խանգարել են ճաղավանդակները: Եւ մարդիկ ողջ-ողջ այրվել են: 

«Զոհվածների ինքնությունը պարզել առայժմ չի հաջողվում, քանի որ ներսում ամեն ինչ այրվել է: Մարմիններն այնքան են այրվել, որ անգամ հնարավոր չէ պարզել զոհերի սեռը: Այժմ հաստատ տեղեկատվություն կա, որ զոհերի թվում երեխաներ չկան», - պատմել են հրշեջները:

Հրդեհը բռնկվել է առավոտյան ժամը 04.50-ին:  Ժամը 07.05-ին հրդեհը մարվել է: Դրա մակերեսը կազմել է  50 քմ: