Գերմանիայի եւ Շվեյցարիայի միջեւ սկանդալ է հասունանում հարկերից խուսափելու գործի եւ լրտեսության մեղադրանքների կապակցությամբ: Շվեյցարիայի իրավապահները գերմանացի երեք քննիչների ձերբակալման արտոնագիր են ստացել, որոնք 2010թ. բանակցություններ են վարել 2,5 մլն եվրոյով շվեյցարական բանկի հաճախորդներից մեկի տվյալները գնելու շուրջ: Պաշտոնական Բեռնը մեղադրել է քննիչներին լրտեսության եւ բանկային ավանդների գաղտնիքի խախտման մեջ, գրում է RBCdaily-ն:
Շվեյցարացի իրավապահները փաստաթուղթ են ուղարկել Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի ֆինանսների նախարարությանը, որում ասվում է, թե գերմանացիները կձերբակալվեն, հենց հայտնվեն շվեյցարական տարածքում: Բեռնը աջակցություն է խնդրել իրավախախտներին ձերբակալելու եւ իրենց հանձնելու հարցով:
Գերմանիայում հայտարարել են, որ գերմանացի հարկահանները կատարել են իրենց ծառայողական պարտականությունները` հետապնդելով խաբեբաների, որոնք գումարները թաքցնում են շվեյցարական ֆինանսական ինստիտուտներում:
Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն տրամաբանական է համարել Շվեյցարիայի պահանջը` նշելով, որ իրենք իրենց քրեական օրենսդրությունն ունեն, սըտ որի բանկային գատղնիքի հրապարակումը պատժվում է օրենքով:
Փորձագիտական գնահատականներով` Գերմանիայի հարկահաններից Շվեյցարիայում թաքցված գումարների չափը հասնում է 130-ից 180 մլրդ եվրոյի:




























