Ամերիկյան Դյուք համալսարանի թուրք իմամ Աբդուլլահ Անթեփլին խիստ է արձագանքել Սաուդիան Արաբիայի գլխավոր մուֆթի Աբդուլ Ազիզ բին Աբդուլլահին, ով մի հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, թե պետք է քանդել Արաբական թերակղզու բոլոր եկեղեցիները։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ թուրք իմամը քննադատել է Սաուդիան Արաբիայի գլխավոր մուֆթիին՝ նշելով, որ քրիստոնյաների նկատմամբ արված նրա հայտարարությունները հակասում են իսլամի թե բարոյական, թե էթիկայի նորմերին։
Աբուլլահ Անթեփլին տարածաշրջանի քրիստոնյաներին կոչ է արել գլխավոր մուֆթիի դեմ դատական գործ բացել։ «Խորհուրդ եմ տալիս տարածաշրջանի քրիստոնյա համայնքներին դատական գործեր բացել թե շարիաթով առաջնորդվող դատարաններում, թե քաղաքացիական դատարաններում»,-ասել է թուրք իմամը։
Թուրք իմամն արաբ մուֆթիի դեմ քննադատական նամակն ուղարկել է Huffington Post կայքին։
Նշենք, որ Սաուդիան Արաբիայի գլխավոր մուֆթիին հայտարարել էր, թե Արաբական թերակղզում 2 կրոն չպետք է լինի եւ բոլոր եկեղեցիները պետք է քանդվեն։



























