«ՅՈՒԹէյր» ընկերության ATR 72 ինքնաթիռն ընկել է անմիջապես դպրոցի շենքի հարեւանությամբ, որտեղ այդ պահին 250 աշակերտներ կային: Գորկովկա գյուղի երեխաները եւ ուսուցիչները վստահ են, որ անձնակազմը վերջին պահին կարողացել է օդանավը հեռացնել դպրոցից:
Ինչպես տեղեկացնում է LifeNews-ը, գյուղական դպրոցի աշակերտները տյումենյան ողբերգության առաջին ականատեսներն են եղել: Զանգն ուր որ է պետք է հնչեր, երբ մոտակայքում ուժեղ դղրդյուն էր լսվել:
Ուսուցիչները վստահ են, որ օդաչուն շատ լավ իմանալով, որ իր ճանապարհին գյուղ կա եւ ամենից առաջ` դպրոց, օդանավը մի կողմ է քաշել: «Սարսափելի է պատկերացնել, թե ինչ կարող էր լինել, եթե նա մի վայրկյան էլ հապաղեր: Չէ որ մեր կողքին գտնվում է նաեւ մանկապարտեզ, որտեղ այդ ժամին բազմաթիվ երեխաներ կային: Փորձելով մեքենան իջեցնել դաշտում` օդաչուներն իրենք զոհվել են, սակայն փրկել են բազմաթիվ կյանքեր», - ասել է դպրոցի ուսուցիչներից մեկը:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին տյումենյան օդանավակայանից Սուրգուտ թռչող ինքնաթիռը վթարի էր ենթարկվել: Ըստ նախնական վարկածի` տեղի է ունեցել ֆյուզելյաժի սառցակալում:
Հրամանատարը փորձել է ինքնաթիռն իջեցնել դաշտում, սակայն վթար է տեղի ունեցել: 31 մարդ, այդ թվում նաեւ անձնակազմի բոլոր անդամները, զոհվել են: 12 ուղեւորներ ստացել են լուրջ վնասվածքներ եւ այրվածքներ եւ այժմ գտնվում են հիվանդանոցում:




























