Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին խիստ քննադատության է ենթարկել Ստամբուլում անցկացված «Սիրիայի բարեկամների» համաժողովը՝ շեշտելով, որ այն իրականացվել է, որպեսզի հնարավորություն տրվի Իսրայելին շունչ քաշելու։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանի նախագահը դիմել է «Սիրիայի բարեկամներին»՝ հարցնելով. «Եթե դուք անհանգստանում եք տարածաշրջանում ժողովրդավարության համար, ինչո՞ւ ձայն չեք հանում Բահրեյնի դաժան բռնապետության եւ տարածաշրջանի մյուս բռնապետությունների դեմ։ Երբ Սիրիայում փորձում են իրագործել Անանի ծրագիրը, Ստամբուլում այլ կոչեր են հնչում։ Նշանակում է՝ այդ երկրների նպատակը Սիրիայի բարեփոխումները չեն»,-ասել է Լարիջանին։

Իր հերթին, Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հետ հարցերով փոխնախագահ Մուհամեդ Քեւսերին իրանական «Մեհր» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե Ստամբուլում հավաքվածները Սիրիայի թշնամիներն էին, իսկ Թուրքիան իմպերիալիզմի ձեռքին գործիք է դարձել։